Եթե դու արդար, ազնիվ ու իրոք ժողովրդի վարչապետն ես, ապա ինչի՞ ես ոստիկաններով տեղաշարժվում։ Դուրս արի մարդկանց հետ հանդիպելու՝ առանց թիկնազորի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի խաչմերուկում ասաց մի սյունեցի տղամարդ։

«Սյունիքի ոստիկանը մերն է, որովհետեւ ինքը գիտի՝ որտեղ է ապրում։ Էսօր բոլորս սահմանապահ ենք դարձել, ու չկա որեւէ պաշտոնյա, ով երաշխավորի, որ ազատ տեղաշարժվելու իրավունք ունենք մեր իսկ երկրում, որտեղ մենք ապրում ենք, որտեղ մենք գերեզմաններ ունեք։ Տեսանք, թե թուրքն ինչպես է վերաբերվում մեր շիրիմներին, նրանք սրբապիղծ ենք, եւ ներկայիս իշխանությունն էլ չի տրաբերվում, որովհետեւ դա նրանց նվիրատվության արդյունքն է։ Մեր սահմանները մենք գծել ենք 1988թ․-ին, մեր նահատակված տղաների արյան, կյանքի գնով, եւ այսօր մեկ գրչի հարվածով այդ հողը նվիրաբերվեց թշնամուն»,- նշեց սյունեցին։

 Հավաքված սյունեցիները պահանջում են ազատ արձակել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, ով վաղ առավոտյան բերման էր ենթարկվել։

«Սյունեցին անկոտրում է, չվախենաք։ Մենք 8000-ից ավել 18-20 տարեկան երեխաների ենք հանձնել հողին, մի մասի դիերը նույնիսկ չկա, եկեք ո՛չ ձերբալությունից, ո՛չ գործադուլից, ո՛չ էլ հացադուլից  վախենանք։ Քանի որ վաղը հայտարարված է գործադուլ, եկեք մասնակցենք այդ գործադուլին։ Ճիվաղը, դավաճանը տեղ չունի Հայաստանում»,- ասաց տղամարդը։

Նա հայտարարեց, որ երբ իշխանությունները հետ կանչեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից, հասկացել են, որ 2018թ․-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություննեը ծրագրավորված է եղել, որի մի մասն էլ Սյունիքը հանձնելն է։

«Մենք թուրքին հող տալու չունենք»,- շեշտեց  նա։