Սյունիքի Սառնակունք գյուղում, որը Փաշինյանի առաջին կանգառն էր Սյունիքի մարզ այցի շրջանակում, հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր Փաշինյանին դիմում էին կենցաղային խնդիրներով։
Նրանցից մեկն, օրինակ, Փաշինյանին խնդրեց՝ չեղարկել արագաչափերի տուգանքները։
«Սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 21-ը Հադրութում եմ եղել։ Հոկտեմբերի 21-ի լուսադեմին հասել ենք տուն՝ հետնահանջի հրամանով։ Անմիջապես գնացել ենք Եռաբլուր մեր ընկերոջ հոգեհանգստի արարողությանը մասնակցելու։ Հետադարձին բոլորս շոկի մեջ, ինչքան արագաչափի կամեռաներ կան, բոլորս անխտիր նկարվել ենք՝ Երեւանից մինչեւ Սիսիան։ Բայց դա մենք դիտավորյալ չենք արել։ Դիմել ենք Ոստիկանություն, որ ժամանակ տան, ժամանակի ընթացքում… ոչ մի արձագանք չկա, վաղը վերջին օրն է ակտերի մուծման։ Ուշադրություն դարձրեք, որ մի քիչ մեղմացնեն»,- ասաց մի տղամարդ։
Փաշինյանը խոստացավ լուծել խնդիրը։
«Իմ այցը նաեւ այն նպատակն ունի, որ գամ ձեզնից լսեմ՝ ինչ հարցեր կան։ Եթե ձեզ չտեսնեի, այս խոսակցությունը չլիներ, կարող ա չիմանայի, որ տենց պրոբլեմ կա։ Կլուծենք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Գյուղացիները նաեւ կենցաղային այլ հարցերով դիմեցին Փաշինյանին։
Նշենք, որ Սառնակունք գյուղը Սյունիքի առաջին գյուղերից է՝ Սիսիան չհասած։
Փաշինյանն ամբողջ ժամանակ կանգնած էր՝ զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներով շրջափփակված։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Գորիսի բազմաթիվ բնակիչներ փորձում են փակել Սյունիք մտնող ճաապարհը՝ Զանգերի հատվածում, սակայն մեծաքանակ ոստիկանական ուժերը փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս նրանց հասնել Զանգեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերվանից ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ՝ Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրականացնեին իրենց բողոքի ակցիան։
Հիշեցնենք, որ Փաշինյանի մուտքը Սյունիք՝ արգելելու մասին գորիսեցիների բողոքի ակցիայի վերաբերյալ նախապես հայտարարած Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին այսօր՝ վաղ առավոտյան ձերբակալվել է։





























