Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումից հետո Թեհրանի հասցեին ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքները կասկածելի են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հարձակումից հետո ընտրված ժամանակը եւ Պոմպեոյի հայտարարությունները կասկածելի են: Այդ հայտարարությունն արվել է նախապես, եւ մենք վճռականորեն դատապարտում ենք այն»,-ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «դիվանագիտական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են»:

Պոմպեոն դատապարտել է Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումը՝ տեղի ունեցածի համար պատասխանատու անվանելով Իրանի կողմից օժանդակվող զինված կազմավորումները: Պետքարտուղարի խոսքով՝ այդ կազմավորումներն  «առավել լուրջ խոչընդոտն են Իրաքի՝ դեպի խաղաղություն եւ բարգավաճում տանող ճանապարհին»:

Բաղդադի «կանաչ գոտի» շրջանը հրթիռակոծման է ենթարկվել նախօրերին: Al Arabiya հեռուստաալիքի հաղորդմամբ՝ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի այդ շրջանում, որտեղ գտնվում են պետական հիմնարկություններ եւ դիվանագիտական առաքելություններ, այդ թվում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ դեսպանատան շենքին ոչ մեծ վնաս է հասցվել: