Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքն են դարձել, նրանք վտանգում են իրենց կյանքը` այս տարածաշրջանը խաղաղ կյանք վերադարձնելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նոյեմբերի 10-ից ռուս խաղաղապահները սկսել են բարդագույն առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Նրանց ներկայությունը ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման երաշխիք է դարձել»,- երկուշաբթի ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստին:

Նա պարզաբանել է, որ ռուս խաղաղապահները շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու եւ փախստականներին օգնելու, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման, մշակութային, պատմական եւ կրոնական հուշարձանների պահպանման համար:

«Ցավոք, վտանգում են իրենց` ոչ առանց կորուստների, վտանգում են իրենց կյանքը, որպեսզի խաղաղ կյանքը վերականգնվի այդ հողի վրա»,- շեշտել է ՌԴ նախագահը: