Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով բերման են ենթարկել այս անգամ պաշտոնատար անձի, որն ըմբոստացել է պետական դավաճանության դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
«Այս երկրում արդեն սովորական է դարձել, որ պետական դավաճանությանը դեմ մարդկանց փորձում են ճնշել։ Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական, բայց վերջին զոհերից է, որովհետև նրա իշխանությունը հոգեվարքի մեջ է»,- նշեց նա և ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարին վռնդել են Սյունիքի մարզից։
Նրա խոսքով՝ եթե վարչապետն ունենար գոնե մի փոքր ինքնասիրություն, նա չպետք է գնար Եռաբլուր. «Եռաբլուրում նրանք կարողացան զոհված զինծառայողների ծնողներին ծեծելով մտնել Եռաբլուր։ Այստեղ գործում է ոհմակային տրամաբանությունը։ Այնտեղ չկարողացան, որովհետև այն ժեխը, ագրեսիվ փոքրամասնությունը չկար, իսկ ոստիկանությունն անզոր էր, սյունեցիներն ավելի թասիբով էին, այդտեղ չկարողացավ և հիմա հիմնավորում է, թե իբրև բախումներից խուսափելու համար է այդպես արել։ Եթե Նիկոլ Փաշինյանն անգամ 10 տոկոսով հնարավորություն ունենար բախման գնալու, նա գնալու է բախման։ Նրա էության մեջ է դա»։











