Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ բեռնատար գնացքը կսկսի աշխատանքը 2021 թվականի սկզբին, այն կխթանի Պակիստանի առեւտուրը Թուրքիայի եւ Իրանի հետ, հաղորդում է Mehr-ը:

Պակիստանի, Թուրքիայի եւ Իրանի երկաթուղիները պայմանավորվել են վերսկսել մշտական աշխատանքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Քարաիսմայլօղլուն Ստամբուլում տնտեսական համագործակցության կազմակերպության տրանսպորտի նախարարների 10-րդ նիստից հետո:

Երկաթուղային գիծը կոչված է զգալիորեն նվազեցնելու ապրանքների տրանզիտային երթուղին Ստամբուլից Իսլամաբադ: Իսլամաբադից Ստամբուլ բեռնատար գնացքի փորձարկումների համար պահանջվել է գրեթե 13 օր, որպեսզի հաղթահարվի 6500 կմ ճանապարհ: Ավելի ուշ երթեւեկությունը կրճատվել է մինչեւ 11,5 օր: Համեմատության համար՝ եվրոպական երկրներից Պակիստան ապրանքների մատակարարումը ծովային ճանապարհով տեւում է գրեթե 45 օր:

Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ երկաթգծի երկարությունը կազմում է 6500 կմ, Իրանում՝ 2600 կմ, Թուրքիայում՝ 1950 կմ եւ Պակիստանում՝ 1990 կմ:

Պակիստանից, Թուրքիայից եւ Իրանից բացի՝ որոշ երկրներ, այդ թվում՝ Աֆղանստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան, եւս շահույթ կստանան այդ նախագծից:

Չնայած նրան, որ նախագիծը թողարկվել է տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների աջակցման համար, այն ենթադրում է կարճ, անվտանգ եւ հասանելի երթուղի Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռների տեղափոխման համար՝ ընդլայնելով տարածաշրջանի մի քանի երկրների համար առավելությունները: Թուրքիայից միջանցքը կարող է միացվել եվրոպական երկաթուղային ցանցերի հետ Ստամբուլի Մարմարայի 76-կիլոմետրանոց ստորգետնյա թունելի միջոցով:

Ավելի վաղ այլ երկրներ եւս ցանկություն են հայտնել միանալ նախագծին եւ առաջարկել են հետագա էքսպանսիա Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շուկաներում: