Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 4-ին ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երեւանում Հիմնադրամի կողմից կառուցվող եւ արդեն օգոստոսին շահագործման հանձնվելիք Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի հնարավորություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդների համար մասնագիտական ուսուցողական ծրագրերի իրականացմանը:

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձեւավորմանն ուղղված  Հիմնադրամի նախաձեռնությունը` այն համարելով արդի պահանջ եւ անհրաժեշտություն:

Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների եւ մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին: