Իրավապահները պարտավոր են ենթարկվել հրամաններին, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք պետք է եւ իրավունք ունեն ենթարկվել անօրինական հրամաններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց անհնազանդության ակցիային մասնակցող ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր կեսօրից համազգային գործադուլ է հայտարարվել` Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի պահանջով:

«Տեղի ունեցողը վիրավորում է քաղաքացու արժանապատվությունը: Իշխանությունները ոչ միայն վիրավորում են մեզ, նրանց պահվածքը վիրավորական է իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար: Շատ ցավալի է նայել նրանց դեմքերին, թե ինչպես են նրանց ստիպում, նրանցից շատերն իրենց կամքին հակառակ են հրամաններ կատարում: Շատերն այնքան են վիրավորված, որ պատրաստ են լքել համակարգի շարքերը` չնայած իրենց երկար տարիների ծառայությանը»,- ասաց նախկին նախարարը:

Մեկնաբանելով Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները թշնամուն փոխանցելու գործընթացների կապակցությամբ վարչապետի կողմից «նախկինների» հասցեին հնչեցված մեղադրանքը` Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանությունների գիտելիքներն իրավունքի ոլորտում զրոյական են: «Ես չեմ ուզում այլ գնահատականներ տալ: Չեմ ուզում ասել, որ դա արվում է կանխամտածված, մանիպուլյատիվ նպատակներով, հասարակությանը էլ ավելի կռվեցնելու համար: Փաստն այն է, որ վարչատարածքային բաժանումը երբեք չի կարող հիմք հանդիսանալ այլ պետության հետ սահմանների որոշման համար: Հակառակ դեպքում այնտեղ կարելի էր գրել, օրինակ, Հայաստանի եւ Շվեյցարիայի ընդհանուր սահմանի մասին: Եւ ի՞նչ, դրանից աշխարհի քարտեզը կփոխվե՞ր: Իհարկե` ոչ. վարչատարածքային բաժանման մասին օրենքը նաեւ այլ նպատակներ է հետապնդում, այն կարգավորում է երկրի ներսում գործող իշխանությունների պատասխանատվության բաժանումը` ով որ տարածքի համար է պատասխանատու: Այս պարագայում խոսքը Հայաստանի եւ չճանաչված Արցախի մասին էր` խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու մտադրությամբ: Ուստի «բացատրությունները» կա՛մ ծաղր է հասարակության նկատմամբ, կա՛մ սեփական տգիտության ցուցադրում»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը: 

Ըստ նրա` զարմանալի չէ, որ հասարակության մի մասը հավատում է Փաշինյանին. զարգացած երկրներում եւս կան մարդիկ, ովքեր հավատում են, որ Լուսինը տափակ է: «Բայց մենք խոսում ենք մեր հասարակության հիմնական մասի մասին: Արդյո՞ք այն համաձայն է այս «բացատրության» հետ: Վստահորեն հայտարարում եմ, որ համաձայն չէ»,- եզրափակեց Հարությունյանը: