Շվեյցարիայի հայոց թեմի խնդիրների առնչությամբ այսօր` հունիսի 4-ին ժամը 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ծրագրված ասուլիսը տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 3-ին տեղեկատվություն էր, ըստ որի հունիսի 4-ին, Երեւանում, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա մամուլի ասուլիս Շվեյցարիայի հայոց թեմի խնդիրների առնչությամբ, եւ դրան պետք է մասնակցեին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը եւ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Այսօր, սակայն, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ժամանելով ասուլիսի վայր, այն դատարկ գտան, իսկ աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ տեղյակ է, որ ասուլիս պետք է լինի, բայց ոչ ոք չի եկել: Ավելի ուշ պարզվեց, որ ասուլիսը հետաձգվել է անհայտ պատճառներով: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանի բջջային հեռախոսահամարը անջատված է, իսկ քաղաքային հեռախոսհամարներն էլ չեն պատասխանում:
Հիշեցնենք, որ Գարեգին Բ-ն հունիսի 1-ին կարգալույծ է հռչակել Տ. Աբել քահանա Մանուկյանին: Մայր Աթոռից հայտնել են, որ պատճառը քահանայի կողմից շարունակվող կարգազանց անուղղա ընթացքն է` «ի հետեւումն Աբել քահանայի կախակայման վերաբերյալ մայիս 5, 2011 թվակիր տնօրինության»: Կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Հրաչ Մանուկյան: Շվեյցարիայի հայ համայնքի քահանա Տեր Աբել Մանուկյանը իրեն կարգալույծ հռչակելու կապակցությամբ հանդես է եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված նամակով. «Ոչ ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվություն: Դուք կկարծեք, թե կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ այն ձեր ամենամեծ տկարությունն է: Նկատի ունենալով, որ կարգալուծման սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական, կարգապահական ոչ մի հիմք չունի եւ ընդհակառակը, արդյունք է ընդամենը կաթողիկոսի վստահված իշխանության չարաշահումի, այս որոշումը հայտարարում եմ անարդար, անընդունելի եւ ապօրեն»,- ասել էր նա:




























