Ժողովրդի մեծ մասն արդեն գիտակցում է, որ մոլորվել էին, արդեն հասկանում են, որ իրենց խաբել են։  Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հայտարարված գործադուլի եւ դասադուլի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վազգեն Ասատրյանը։

«Մարդիկ արդեն հասկանում են, որ իրենք սխալվել են, որ իրենց խաբել են եւ դրա համար էլ ժողովուրդը գնալով շատանում է։ Չնայած ես կարծում եմ, որ նա այնքան աներես, որ նրա դաստիարակությունը թույլ չի տա, որ ինքը ինքնասիրություն ունենա եւ հրաժարական տա։ Դա իր էությունն Է։ Այժմ ժողովուրդն իրեն չի ուզում։ Ժողովուրդն ուզում է նրան օրինական ճանապարհով հեռացնել, չի ուզում անօրեն գործողություններ։ Մենք պետք է միասին լինենք եւ սիրենք մեր երկիրը։ Իսկ ով ժամանակին սխալվել է եւ ներողություն է խնդրել, պետք է ներել եւ ընդունել ժողովրդի շարքերը։ Դա նույն հայն է, պետք չէ նրան վտարել, եթե նա գիտակցել է իր սխալը եւ ընդունում է այն»,- նշեց Վազգեն Ասատրյանը։