Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ անց ազատ կարձակվի ձերբակալվածների պահման վայրից։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ ճանաչեց։

Այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնի դատարան։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն է։

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում ոն նաեւ Առուշանյանի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: