Փաստաբանների հանրույթն այսօր երկու պահանջ էր ներկայացրել Ազգային ժողով, որոնցից մեկն ուղղված էր «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներին, որոնք կասեցրել են փաստաբանի իրենց արտոնագիրը՝ պայմանավորված պատգամավորի կարգավիճակով։ Նրանք են՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Սուրեն Գրիգորյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արթուր Դավթյանը եւ Աննա Կարապետյանը։

Իշխող ուժի պատգամավորներին փաստաբանները կոչ էին արել չդառնալ հայրենադավ գործընթացի մաս, կանգնել քաղաքացու եւ պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, եւ դրսեւորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, բայց  պահպանել մանդատը՝ հետագայում հայանպաստ որոշումներին քվեարկելու հնարավորություն ունենալու հեռանկարով։

NEWS.am-ը այդ պատգամավորներից հետաքրքրվեց, թե արդյոք մտադրություն ունե՞ն դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից։ Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում նշեց․«Չեմ պատրաստվում դուրս գալ խմբակցությունից։ Հարգում եմ բոլոր հնչած տեսակետները, եթե այդ կոչերն արվում են սրտացավության մղումներով, բայց ես առաջնորդվում եմ սկզբունքներով եւ գիտակցված որոշումներ եմ կայացնում։ Ես էլ հակադարձ կոչը կանեմ Փաստաբանների պալատի իմ գործընկերներին՝ ուղղակի չզբաղվել քաղաքական գործունեությամբ եւ մնալ իրենց իրավապաշտպան, մասնագիտական գործունեության մեջ»։

Հերիքնազ Տիգրանյանն ընդգծեց, որ ինքը մնալով խմբակցության մեջ այսպես թե այնպես անում է այն բոլոր գործողությունները, որոնք հնչեցրել են այսօր փաստաբանները։ 

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրություն չունեն նաեւ Սուրեն Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը։

«Մեր քաղաքացիները սխալվում են, եթե կարծում են, որ իմ՝ խմբակցությունից դուրս գալը կնպաստի դրան։ Մեղմ ասած՝ իրենք սխալ են գնահատում իրավիճակը»,- NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց  Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով փաստաբանների կողմից նաեւ  իրեն ուղղված կոչին։ 

Նիկոլայ Բաղդասարյանն այն համոզմունքին է, որ փաստաբանների կոչը Սահմանադրությանը համահունչ չէ։

«Քաղաքացին ինձ քվե է տվել որպես անկախ պատգամավորի՞, թե՞ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի։ Կարող եք բացել ընտրական հանձնաժողովը, որտեղ արձանագրված է, որ քաղաքացին ինձ քվե է տվել որպես «Իմ քայլը» դաշինքի անդամ։ Հիմա ես ո՞նց  քաղաքացու շահերի կողքին կանգնեմ, բայց քաղաքացու տված մանդատից հրաժարվեմ։ Էդպես ո՞նց կարող է լինի»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ որեւե մեկը չի կարող չլինել որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ մասնակցել ընտրությունների։

«Իմ մոտեցումն այն է, որ ընդհանրապես խմբակցությունից դուրս գալու ինստիտուտ չլինի։ Ինստիտուտը պետք է լինի միավորը, խմբակցությունը, որովհետեւ երբ խմբակցությունից դուրս եք գալիս, չեք կարող ներկայացված լինել հանձնաժողովում։ Այսինքն՝ պատգամավորը չի կարող որեւէ աշխատանք կատարել, եթե որեւէ հանձնաժողովում ներակայացված չէ։ Իրավաբանները փոխարենը քննարկեն այդ ինստիտուների մասին, հասկանան, որ այդ ինստիտուտները չեն կարող գոյություն ունենալ խմբակցություններից դուրս... Պատգամավորի գործունեության իմաստը որեւէ հանձնաժողովում մասնակցություն ունենալն է, հետեւաբար Սահմանադրությամբ պետք է այդ հարցը լուծվեր, որը չի լուծվել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ փաստաբանները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն, որովհետեւ իր ընկալմամբ՝ այդ չեզոքությունը ստիպում է քաղաքական գործընթացների մեջ չմտնել։

Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեզնից է առաջին անգամ լսում իրեն ուղղված փաստաբանների կոչի մասին եւ չի կարող մեր հարցերին պատասխանել։

Արթուր Դավթյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Նրան ուղղված մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։