Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Առուշանյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

«Առուշանյանին մինչեւ այս պահը որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը մեզ չի տրվել, հետեւաբար մեղադրանք առաջադրված չի։ Նոր մենք էլ տեղեկացանք, որ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում են կայացրել եւ ինձ հանձնեցին ծանուցագիր այսօր՝ 19։40-ին, որ ներկայանամ Քննչական կոմիտե, որպեսզի Առուշանյանին մեղադրանք առաջադրեն։ Առավոտվանից մինչեւ հիմա մենք դատարանի բակում էինք. ոչ հաց ուտելու, ոչ ջուր խմելու հնարավորություն չունենք։ Ընդամենը դուրս գալուց 1 ժամ հետո ծանուցում են, որ ներկայանա։ Արդյոք հնարավո՞ր է, որ ներկայանա։ Ես չեմ ներկայանալու, որովհետեւ ծանուցագրի մեջ հստակ գրեցի, որ հանդիսանում եմ նաեւ երրորդ խմբի հաշմանդամ եւ ես հաց ուտելու, եւ ջուր խմելու իրավունք ունեմ. վաղը ծանուցեք, կգանք»,- ասաց պաշտպանը եւ հավելեց, որ Առուշանյանն ունի նաեւ այլ պաշտպաններ, որոնց չեն ծանուցել։

Արմեն Մելքոնյանը շեշտեց՝ անձին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, երբ մեղադրանք առաջադրված չի։

«Մենք չգիտենք, թե Առուշանյանը ինչում է մեղադրվում, բայց կալանքի միջնորդություն կա։ Առ այս պահը ես չգիտեմ՝ իմ պաշտպանյալն ինչո՞ւմ է մեղադրվում, որովհետեւ կցկտուր բանավոր ինչ-որ բան ասվեց, որը ծիծաղ է առաջացնում։ Ասվեց, որ Առուշանյանի հորը պատկանող ընկերության տարածքում հատվել են ծառեր, որով պետությանը պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը հոր ընկերության տարածքում հատված ծառի հետ։ Վաղը կարող է՝ գնամ, իմանամ, որ կարող է՝ Առուշանյանը 8 տարեկանում հեծանիվ է վարել, վազանց  կատարել մեկին եւ արագության գերազանցում է թույլ տվել»,- ասաց պաշտպան Մելքոնյանը։

Նա իր խոսքն ուղղեց վարույթն իրականացնող մարմնին եւ հարցրեց, թե ի՞նչ խնդիր են լուծում՝ Առուշանյանին կալանավորելով. «Ձեր նպատակը ո՞րն է, որ Գորիսը պաշտպանող զինվորը վերջնականապես հիասթափվի։ Ո՞նց կարելի է Առուշանյանի նման հրամանատարին հիմա կալանավորել։ Անգամ եթե Առուշանյանը շատ ծանր հանցանք էլ կատարած լիներ, այս պահին չէր կարելի նրա կալանքին անդրադառնալ։ Երեկ երբ կեսգիշերին եկել եմ իրեն տեսակցության, 2 ժամից ավելի զրույցի ընթացքում մի անձնական թեմայով հարց չի ուղղել։ Բոլոր հարցերն ուղղված են եղել Գորիսի պաշտպանությանը»։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ այս պահին Առուշանյանին կալանավորելով իրեն օգուտ են տալիս. «Որովհետեւ 3 ամիս ոչ տուն գիտի, ոչ հանգիստ գիտի։ Առուշանյանը շնորհակալություն էր հայտնում ՁՊՎ-ի աշխատակիցներին։ Երեւի 3 ամսվա ընթացքում իր անցկացրած ամենալավ պայմանները ՁՊՎ-ում է եղել»։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի եւ ոչ իրավաչափ է ճանաչել։

Այսօր հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ քրեական գործերը նախաքննական մարմնի որոշմամբ միացվել են մեկ վարույթում։ Այդ առնչությամբ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը փորձում է մի քանի քրեական գործեր միավորել մեկ վարույթում, որ Առուշանյանին ծանր հոդվածների մեղադրանքով կալանավորելու միջնորդություն ներկայացնի դատարան։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ի սահմաններում բերման էր ենթարկվել Առուշ Առուշանյանը, որի մասին մի քանի ժամ էր՝ փաստաբանները տեղեկություն չունեին, հայտնի չէր անգամ, թե ինչ քրեական գործով եւ ինչ կարգավիճակով է քաղաքապետը բերման ենթարկվել։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Առուշանյանը Երեւանի քննչական կոմիտեում է եւ հարցաքննվում է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Նշենք, որ այսօր նրա ձերբակալման որոշման իրավաչափության դեմ բողոքի մասին դատական նիստն է։

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում ոն նաեւ Առուշանյանի կողմից թույլ տրված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը: