Քիչ առաջ Հանրապետության հրապարակում վիճաբանություն տեղի ունեցավ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ոստիկանների միջեւ։ Բանն այն է, որ հրապարակի երթեւեկության գոտիներից մեկը բաց է, ինչն ըստ Հարությունյանի, ճիշտ չէ, որովհետեւ անիմաստ է իրենց պայքարը, երբ ճանապարհը բաց է մնում, հետեւաբար իրենք էլ կարող են գնալ տներով։ Ըստ նրա՝ այդ կերպ բողոքի արտահայտման ձեւը խաթարվում է։
«Բողոքի նշանն այն է, որ այն վարորդները, որոնք կարծում են, որ պետք է երթեւեկեն, հասկանան, որ իրենք հայրենիքը կորցնում են, որ այս ոստիկանները, որոնք կատարում են իրենց աշխատանքը, հասկանան, որ իրենց երեխաներին դժբախտացնում են, վաղը նրանք լքելու են այս երկիրը»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Ի վերջո երկար քննարկումներից հետո որոշվեց երթեւեկության այդ մեկ գոտին էլ փակել։
«Մենք պարտավոր ենք այս ամենն անել, որովհետեւ անթույլատրելի է, որ մենք արդեն ունենք այս աստիճան պարտված երկիր։ Անթույլատրելի է շարունակել այս ուղով՝ թողնելով երեխաներին ջախջախված երկիր, որն այլեւս անգամ երկիր կոչվելու իրավունք չի ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը։




























