Սահմանը Սիսիանի բնակավայրերից գտնվում է 12 կմ հեռավորության վրա, բայց եթե GPS-ով սահմանը գծեն, թուրքերը որտեղ նստեն, դիտարկվելու է մեր ամբողջ Սիսիան համայնքի Վաղատին, Աղյուտին, Նորավան եւ Իշխանասար գյուղերի ամբողջ հողերն ու արոտավայրերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Նրա խոսքով, գարունը գորիս գնացող ճանապարհը դիտարկվելու է թշնամու կողմից. «Մի կրակոց եղավ, այդ հողերը մեր գյուղացիները չեն օգտագործելու: Նաեւ ջուրը վերեւից է գալիս, որը թուրքերի վերահսկողության տակ է»,-ասաց քաղաքապետը:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սիսիանից բացի Սյունիքի մյուս քաղաքներ չի գնացել, քանի որ սգո օրեր էին, և չի ցանկացել բախումներ հրահրել, Սիսիանի քաղաքապետն ասաց․ «Նա չի գնացել, քանի որ ոստիկանությանը հրաման է տվել բացել ճանապարհը, բայց ոստիկանները հրաժարվել են»,- ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե, իսկ Սյունիքի քաղաքների ղեկավարներ ու բնակիչներ ՔԿ բակում են՝ իրենց աջակցությունը հայտնելու։











