Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա` Այրվածքաբանության եւ ճառագայթաբանության գիտահետազոտական հանրապետական կենտրոն տեղափոխված 7-ամյա երեխային հունիսի 3-ին, արդեն երրորդ անգամ վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: Վիրահատությունը անցել է բարեհաջող,  կատարվել է առողջ մաշկի տեղափոխում վնասված հատված: Բժիշկների խոսքով` եթե ամեն ինչ պահպանվի այս վիճակով, ապա մյուս շաբաթվա սկզբին երեխան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ: Բժիշկները դեռ չեն կարող ասել, թե քանի վիրահատություն դեռեւս անհրաժեշտ կլինի անել, դա կախված է ապաքինման ընթացքից, իսկ առայժմ երեխայի վիճակը կայուն ծանր է` դրական դինամիկայով: Նշենք, որ նախ վիրահատել էին երեխայի ծնոտը, ապա կատարել այրվածքների փուլային վիրահատության առաջին երկու վիրահատությունները: Վնասված հյուսվածքների հեռացումից հետո կատարել են մաշկի վերականգնում: Երեխայի մարմնի 17 տոկոսը այրված է, այրվածքները` 3-4-րդ աստիճանի են:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները:  Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ էր բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի էին վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել էին: Դեպքի վայր էին ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել էր ժամը 21:36-ին, մարվել՝ 22:35-ին: Սարսափելի վթարի հետեւանքով մահացել էր 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորները տեղափոխվել էին «Էրեբունի» բ/կ եւ համապատասխան բժշկական օգնություն էր ցուցաբերվել:

Ինչպես NEWS.am-ի հայտնեց Շուշան Հունանյանը, այժմ «Էրեբունի» բ/կ-ում Արցախի փողոցում տեղի ունեցած վթարից տուժածներ չկան, բոլորը դուրս են գրվել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի