ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վանեցյանը նշեց, որ չի կարող մանրամասնել՝ ինչ քրեական գործով է հարցաքննվելու. «Կարծում եմ՝ 5 միլարդի հետ կապված քրեական գործով»։

Վանեցյանի դիտարկմամբ՝ իրեն քննչական մարմինները միտումնավոր են հանրահավաքների ժամերին հրավիրում հարցաքննության. «Վերջին շրջանում ինձ միշտ, իրենց կարծիքով՝ պատահական, բայց իրականում միտումնավոր, կանչում են այն ժամերին, երբ մենք ունենք հանրահավաքներ կամ բողոքի այլ ակցիաներ»։

Նշենք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով)։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչը Դուբայում այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի համար նախատեսված ծրար՝ Արցախի 7 շրջանները 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնելու առաջարկությամբ։