Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները աղիքային վարակիչ հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացումը եւ տարածումը կանխելու համար` հատկապես Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում բուսական ծագմամբ սննդամթերքի պատճառով աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի տարածման ֆոնին:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակչությանը.
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում եւ առանց պատշաճ ջերմաստիճանային եւ հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ եւ այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
• հետեւել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ,
• սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում,
• խմելու ջրի համային եւ գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո եւ անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող եւ վերահսկող մարմիններին,
• ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:


























