Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, ապա վաղուց կսկեր այն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ  Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Էլդար Սաբիրօղլուի այն հայտարարությունը, թե  «Հայաստանի ղեկավարությունը մշտապես  տապալում է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը, ինչն անխուսափելի է դարձնում խնդրի լուծման ռազմական ճանապարհը»:

Ըստ Հ. Կարապետյանի` Բաքվի ներկայացուցիչների նման հայտարարությունները պարզունակ շանտաժ են եւ բանակցությունների վրա ազդելու փորձ:  «Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, կսկսեր այն: Այն, ինչի հիմա ընդունակ է Ադրբեջանը,  դա սադրանքն է եւ դիվերսիան շփման գծում, որի նպատակը  հակամարտության գոտում լարվածությունը պահպանելն ու բանակացություններում միջազգային հանրությանը շատաժի ենթարկելն է»,- նկատեց Կարապետյանը:

Նա նշեց, որ նմանատիպ սպառնալիքները Բաքվի կողմից հատկապես հաճախակի են դառնում Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից  հետո եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ` բանակցություններին համապատասխան ֆոն հաղորդելու համար:

«Սակայն փորձը ցույց է տալիս, որ Բաքվի այս ռազմավարությունն արդյունքներ չի տալիս, քանի որ միջազգային հանրությունն իր յուրաքանչյուր նոր հայտարարությամբ դատապարտում է սպառնալիքն ու ռազմատենչ հայտարարությունները»,- նկատեց պատգամավորը`  միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական շանտաժն ամբողջությամբ կասեցնելու համար միջազգային հանրության հայտարարություններն ավելի հասցեավորված պետք է լինեն: