ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքում հրթիռակոծությունների մեղքն Իրանի վրա է դրել եւ սպառնացել Թեհրանին պատասխանատվության ենթարկել դրանց ժամանակ ամերիկացի քաղաքացիների զոհվելու դեպքում: Համապատասխան գրառումը հրապարակվել է Սպիտակ տան ղեկավարի Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կիրակի Բաղդադում մեր դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության: Ընկել է երեք հրթիռ: Գուշակեք, թե որտեղից էին՝ Իրանից,- նշել է Թրամփը՝ գրառումն ուղեկցելով երեք չճանաչված արկի լուսանկարով: - Հիմա մենք լսում ենք Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակումների ձայնը: Իրանին իմ բարեկամական խորհուրդը՝ եթե ամերիկացի քաղաքացիներից որեւէ մեկը զոհվի, ես Իրանին պատասխանատվության կենթարկեմ: Մտածեք»:

Անցյալ շաբաթվա վերջին Բաղդադի «կանաչ գոտու» շրջանը ենթարկվել էր հրթիռակոծության: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ ոչ պակաս երեք հրթիռ են ընկել այդ շրջանում, որտեղ տեղակայված են պետական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը: Միջադեպի հետեւանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները չեն տուժել, սակայն դեսպանատան շենքին պատճառվել է ոչ մեծ վնաս: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել էր «Իրանի աջակցությունը վայելող զինված կազմավորումների վրա»: Իրանի ԱԳՆ-ից հերքել էին ամերիկյան կողմի այս մեղադրանքները:

«Կանաչ գոտին», որը Բաղդադի կենտրոնում լավ ամրացված եւ պահպանվող շրջան է, վերջին ամիսներին բազմիցս ենթարկվել է հրթիռային եւ ականանետային գնդակոծությունների, որոնց հետեւանքով իրաքցիների շրջանում եղել են տուժածներ եւ զոհվածներ: Վաշինգտոնը բազմիցս հարձակումներին մասնակցության մեջ մեղադրել է Իրաքում գործող իրանամետ զինված կազմավորումներին: