Ոստիկանները շրջափակել են Կառավարության շենքը, որ նախարարները ներս չմտնեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Քաղաքացիներն աջակցում են ոստիկաններին՝ շրջափակել Կառավարության շենքը, որ նախարարները մուտք չգործեն։ Եթե գաղտագողի էլ մտել են, ապա դուրս գալու հնարավորություն չեն ունենա։ Նշանակում է՝ մի Կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել Կառավարություն, նա դադարում է ժողովրդի Կառավարություն լինել»,- նշեց նա։
Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ այլեւս օրենք, պետական կառավարման համակարգ դադարում է գոյություն ունենալ. «Անցած հինգշաբթի Կառավարության նիստում, Կառավարությունը չվավերացրեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Երեկ Կառավարությունը վավերացրել է՝ նիստ չանելով։ Նիկոլ Փաշինյանն այնպես է ավիրել պետական համակարգը, որ առանց Կառավարության պաշտոնական նիստի վավերացրել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը»։











