Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց, թե Արցախի բնականոն կյանքի վերականգնման համար ինչ միջոցառումներ են իրականացվել:

«Առաջինը Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագիրն է, որից օգտվում է շուրջ 87 հազար շահառու:  Այս նպատակով կառավարությունը հատկացրել է 6,4 մլրդ դրամ:

Հաջորդ միջոցառումը Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագիրը: Այստեղ ունենք ավելի քան 2 հազար շահառու: Կառավարությունը հատկացրել է ավելի քան 600 մլն դրամ:

Արցախում դեկտեմբերի կենսաթոշակներն ու նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք շուրջ 900 մլն դրամ: Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձերը վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3,1 մլրդ դրամ:

Արցախի բնակչության վերջին երեք ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցման նպատակով հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ:

Այս բոլոր որոշումներն առնչվում են նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի հետ»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ բացի այդ, կառավարությունը հաստատել է եւս 8 միջոցառումներ, որոնք ընթացքի մեջ են եւ դրանք եւս ճանապարհային քարտեզի շրջանակներում են:

Փաշինյանը նշեց, որ այս մասին շատ չի բարձրաձայնվում, քանի որ դա իրենց պարտականությունն է. «Բայց մյուս կողմից փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե մենք Արցախին իր հոգսերի հետ մենակ ենք թողել»: