ԱՊՀ անդամ բոլոր երկրները կարող են Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հիմնադրամում ընդգրկվել` վճարելով խորհրդանշական 1 մլն դոլար անդամավճար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ԱՊՀ ֆինանսների նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հունիսի 4-ին հրավիրված ասուլիսում:
Նրա խոսքով` ԱՊՀ բոլոր երկրները կարող են հավակնել աջակցության ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից:
Կուդրինը տեղեկացրել է, որ արդեն որոշում է ընդունվել Ղազախստանում 980 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, քննարկման փուլում է Ղազախստանից մոտ 4 մլրդ դոլարի հայտը: Հայաստանին հատկացվելու են 60 մլն դոլարի, իսկ Տաջիկստանին` 70 մլն դոլարի ներդրումներ: Կուդրինի խոսքով` նոր հայտեր շարունակում են ստացվել:




























