«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ հունիսի 4-ին, Ազատության հրապարակում հանրային հավաք էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձ կատարեց ներքաղաքական կյանքին ու «Ժառանգության» հետագա անելիքներին:
Նա վստահեցրեց, որ հավաքը նախապես չի կազմակերպվել, եւ այլ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ են եկել Ազատության հրապարակ` իմանալով, որ ինքն այնտեղ է։
«Ժառանգության» առաջնորդը ընդգծեց, որ այսուհետ ամեն շաբաթ` ժամը 17-ին, բոլոր ցանկացողներին հրավիրում է Ազատության հրապարակ` հավաքի:
Նրա խոսքով, հավաքների ժամանակ կխոսվի թե ներքին, թե արտաքին խնդիրների մասին՝ նշելով, որ հավաքների ընթացքում կհայտարարեն նաեւ ամռանն իրենց գործունեության մասին:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ վերջերս համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալներին` նշելով, որ նրանք առհասարակ չպետք է բանտարկված լինեին: «Մեր երկրում շատ բան ուշացումով է լինում: Եթե Հայաստանի քաղաքացին ազատ չէ, իր իրավունքի, բակի, լեզվի տերը չէ, ուրեմն ինչպես կարող ենք խոսել ազգային շահի, տարածքային ամբողջականության, մեր երկրի ինքնիշխանության մասին»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաեւ դրական գնահատեց հրապարակային ու հանրային երկխոսություններն ու բանակցությունները: Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանությունների հնարավոր երկխոսության թեմային` նա նշեց, որ եթե երկխոսությունը բերի արտահերթ ընտրությունների, իրենք միայն կողջունեն եւ կգնահատեն այդ բանակցությունը: Նա,սակայն, զգուշացրեց, որ եթե լինեն ոչ հրապարակային պայմանավորվածություններ, ժողովուրդը «ոչ» կասի համագործակցությանը։




























