Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այց կկատարի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ՌԴ ԱԳՆ ղեկավարի հրավերով կայցելի Ռուսաստան, Սոչի քաղաք: Նա կմասնակցի ռազմավարական ծրագրման համատեղ խմբի 8-րդ նիստին»,-ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ հանդիպման ժամանակ կքննարկվի արդիական տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ: Մասնավորապես, կքննարկվի Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում եւ Սեւծովյան տարածաշրջանում իրավիճակը:

Նա հավելել է, որ ծրագրվում է մանրամասն մշակել հարցերը՝ կապված ԼՂ հարցով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության իրականացման հետ: «Շեշտը կդրվի հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման, երկրներին մարդասիրական աջակցության տրամադրման վրա: Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցման հսկողության հարցով համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի գործունեության կարգավորումը»,-ընդգծել է Զախարովան: