Եկեղեցին երբեք իր զավակներից առանձին չի եղել թե՛ պատերազմի դաշտում, թե՛ իր առօրյայում։ Հիմա տեսնում ենք, որ այս մարդկանց պահանջն արդար է, իրենց զավակների վերադարձն են պահանջում, որը պետք է կազմակերպեին պատկան մարմինները եւ ոչ թե այսպես բախտի քմահաճույքին հանձնեին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով միացել է անհնազանդության ակցիաներին։

Անդրադառնալով հարցին, թե կիրակի օրը որոշ քաղաքացիներ պատրաստվում են Մայր Աթոռում՝ պատարագից առաջ ակցիաներ անել, ի՞նչ կադի այդ առնչությամբ․ Տեր Հայրն ասաց․ «Այս հալածանքները եկեղեցու նկատմամբ նոր չեն, մեզ համար վախենալու էլ  չեն։ Քրիստոսից մինչեւ այսօր եկեղեցին հալածվում է եւ կհալածվի մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։  Ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով է լինելու։ Մեղք լինելու է, բայց վայ նրան, ով այդ մեղքը կգործի։ Եթե քրիստոնյա մարդը պիտի գնա եկեղեցու դեմ, ուրեմն ինքը քրիստոնեության մասին պատկերացում չունի, իսկ եթե պատահական մարդիկ պիտի գնան, որոնք իրենց քրիստոնյա են հռչակել, բայց իրենք քրիստոնեության հետ կապ չունեն, արդեն պարզ է իրենց նպատակը»։

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա կաթողիկոսի կոչերին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Տեր Հայրն ասաց, որ ինքը կիսում է այդ մոտեցումը։

«Այս կոչին միացել են բոլոր նրանք, ովքեր իրենց ազգի ապագայով մտահոգված են։ Իհարկե, այսօր փորձում են այդ կոչը ուղղել նրան, որ եկեղեցին միջամտում է քաղաքական պրոցեսներին։ Երբ երկուսուկես տարի առաջ անընդհատ ասվում էր՝ եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցուն ուզում էին հեռու պահել այս պրոցեսներից։ Երբ պետք է եկեղեցու վճռորոշ ձայնը հնչեր, դրանից էին հենց մտահոգված եւ ուզում էին եկեղեցուն պետությունից հեռու պահել։ Չմոռանանք, որ եկեղեցին 700 տարի պետություն է պահել առանց բանակի, առանց պետականության եւ ժառանգել է այսօրվա իշխանություններին։ Թող բարի լինեն իրենց պարտքը կատարել բարեխիղճ ձեւով եւ եկեղեցին ստիպված չլինի միջամտել»,- նշեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի ձեռքը օդում թողած քահանայի պահվածքը, Տեր Աշուրյանն ասաց, որ եթե ինքն էլ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր:

«Եկեղեցում սեղմում են այն մարդու ձեռքը, ով եկել է զղջումով, ով եկել է ապաշխարելու եւ ոչ թե PR անելու կամ մոմերի առաջ լուսանկարվելու»,- հավելեց Տեր Հայրը։