Բրիտանիան եւ Եվրամիությունը Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության վերջնական դուրսբերումից առաջ վերջին պահին կարողացել են խուսափել առանց համաձայնագրի կտրուկ խզումից եւ պայմանավորվել են այն բանի շուրջ, թե ինչպես են ապրելու, առեւտուր անելու եւ համագործակցելու դեկտեմբերի 31-ից հետո, հաղորդում է BBC-ն:

«Այն ամենը, ինչ բրիտանացիները խոստացել են 2016 թվականի հանրաքվեի ժամանակ եւ համընդհանուր ընտրությունների ընթացքում, իրականացվել է այդ գործարքում: Մենք վերադարձրել ենք մեր գումարների, սահմանների, օրենքների, առեւտրի եւ մեր ձկնորսական ջրերի նկատմամբ հսկողությունը: Մենք ստորագրել ենք ԵՄ-ի հետ պատմության մեջ առաջին պայմանագիրը, որը հիմնվա է զրոյական սակագների եւ քվոտաների վրա: Դա խոշոր երկկողմ գործարք է, որը ստորագրել են կողմերը, այն կարգավորում է առեւտուրը, որը 2019 թվականին կազմել է 668 մլրդ ֆունտ»,-ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:   

Մոտ օրերս համաձայնագիրը կքննարկվի եւ նախնական հավանության կարժանանա Բրյուսելում ԵՄ երկրների դեսպանների կողմից, որից հետո, ինչպես ակնկալվում է, այն կհաստատեն Եվրոպական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի խորհրդարանը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում Ամանորի գիշերը, երբ Մեծ Բրիտանիան վերջնականապես դուրս կգա ԵՄ կազմից:

Համաձայնագիրը վերաբերում է առեւտրի, տրանսպորտային հաղորդակցության, ձկնորսության, էներգետիկայի, անվտանգության եւ այլ ոլորտներում Եվրամիության եւ Բրիտանիայի համագործակցությանը: