Վերջին կիբեռհարձակումների ժամանակ, որոնց համար Վաշինգտոնը պատասխանատու է համարում ռուս հաքերներին, վտանգվել են առնվազն մեկ մասնավոր ընկերության էլեկտրոնային փոստը եւ Microsoft cloud-ի հաճախորդների տվյալները, հայտնում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցները կարծում են, որ հաքերները նյութերին հասանելիություն են ստացել Microsoft-ի չպարզված կորպորատիվ գործընկերոջ միջոցով, որը կառավարում է ամպային ծառայություններին հասանելիությունը: Պարբերականի տեղեկացմամբ՝ կոտրվել է նաեւ մասնավոր հատվածում ինչ-որ ընկերության էլեկտրոնային փոստը, որի անվանումը նշված չէ:

Microsoft-ում կոտրելու փաստը հերքում են: «Մինչեւ հիմա մենք չենք հայտնաբերել որեւիցե խոցելիություն կամ Microsoft-ի արտադրանքը կամ ամպային ծառայությունները կոտրելու հետքեր»,- հայտարարել է է Microsoft-ի հաղորդակցությունների հարցերով ավագ տնօրեն Ջեֆ Ջոնսը:

Ամերիկյան լրատվամիջոցները դեկտեմբերին հայտնել էին, որ օտարերկրյա կառավարության հետ կապված հաքերները կոտրել են ԱՄՆ ֆինանսների նախարարությանը, ներքին անվտանգության նախարարությանը, ԱՄՆ առեւտրի նախարարության Հեռահաղորդաակցության եւ տեղեկատվության ազգային վարչությանը (NTIA) պատկանող համակարգերը, ինչպես նաեւ Պենտագոնի, էներգետիկայի նախարարության եւ NNSA-ի ցանցերը: Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ եւ պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ կիբեռհարձակումների հետեւում, հավանաբար, կանգնած է APT29 հաքերային խումբը կամ Cozy Bear-ը, որն իբր կապված է ռուսական հետախուզության հետ:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կիբեռհարձակումն ուղղված էր Օսթինի (Տեխաս նահանգ) SolarWinds IT ընկերության դեմ: Հաքերներն իրենց նպատակների համար օգտագործել են թարմացումները, որոնք ընկերությունը թողարկել էր այս տարվա մարտից հունիս իր Orion ծրագրային ապահովման համար:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի խոստացել էր պատասխանել կիբեռհարձակումների այս շարքին եւ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփին քննադատել էր, որ այդպես էլ չի հայտնաբերել հարձակումների պատասխանատուներին: Բայդենը հայտարարել էր, որ երբ ԱՄՆ-ն մեղավորներին գտնի, Վաշինգտոնը գործողությունների շատ տարբերակներ կունենա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ միջոցառումներ կարող էին ձեռնարկվել:

Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ ամերիկյան դաշնային գերատեսչությունների վրա վերջին կիբեռհարձակումներն այդքան վտանգավոր չեն, որքան այդ մասին գրում են լրատվամիջոցները: Նրա կարծիքով՝ կիբեռհարձակումների հետեւում կարող էր կանգնած լինել ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը: