Հայաստանի կառավարությունը հաստատել է 15 միջոցառումները, որոնք ուղղված են Արցախյան պատերազմից տուժած քաղաքացիներին ժամանակավոր սոցիալական աջակցության ցուցաբերմանը: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Ներկայացնելով տվյալները դրանց մի մասի իրականացման վերաբերյալ` նախարարը նշեց. «Ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Արցախի յուրաքանչյուր գրանցված բնակիչ (որոշ բացառություններով) 68 հազար դրամ +15 հազար դրամի (Արցախում գույք չունեցող քաղաքացիներին) չափով աջակցություն է վճարվում, օգնությունը տրամադրվել է արդեն 90 հազար մարդու` շահառուների 98 տոկոսին: Նրանցից 50 հազարը գումարը ստացել է Արցախում, ինչը նշանակում է, որ մարդիկ վերադառնում են իրենց տները:
Այն քաղաքացիների խնդիրները, որոնք ընդգրկված չեն շահառուների ցուցակում, դիտարկվում են անհատական հիմունքներով:
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված քաղաքացիների համար, ովքեր վերջին երեք ամիսներին այնտեղ են ապրել, աջակցություն է տրամադրվում նաեւ 300 հազար դրամի չափով: 30 հազար շահառուներից 5 հազարն արդեն ստացել են աջակցությունը:
Ծրագրի շրջանակներում հայտերի ընդունումը, որտեղ շահառուներ են իրենց տներում ապրելու հնարավորությունից զրկված արցախցիները, կսկսվի այսօր կամ վաղը: Հիշեցնեմ, որ օգնության չափը 250 հազար դրամ է:
Որոշ դեպքերում Արցախի բնակիչները կարող են միաժամանակ օգտվել վերը նշված երեք ծրագրերից:
Այսօր կսկսվի նաեւ հայտերի ընդունումը Արցախի բնակիչներին ընդունող քաղաքացիներին աջակցության ծրագրի շրջանակներում:
Արցախցիներին տրամադրվել է ընդհանուր 7 միլիարդ դրամի սոցիալական աջակցություն: Ամբողջ բյուջեն 25 միլիարդ դրամ է»:



























