Կապան համայնքի ղեկավարությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է թույլ տալ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին իրենց մոտ որսորդական հրացաններ պահել: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը` ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում:
Նա դիմել է պատգամավորներին` առաջարկելով հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ` թույլ տալով, որպեսզի Սյունիքի տղամարդիկ զինվեն, ինչը, Փարսյանի կարծիքով, քաղաքացիներին լրացուցիչ վստահություն կհաղորդի իրենց անվտանգության մեջ:
«Եկեք մտածենք` ինչպես զինել մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որպեսզի տանը յուրաքանչյուր տղամարդ զենք ունենա»,- ասել է Փարսյանը:
Նա նաեւ հավելեց, որ սա անվտանգության անհրաժեշտ միջոց է եւ այն առաջացել է անմիջապես այն բանից հետո, երբ Սյունիքի մի շարք գյուղեր փաստացի հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ սահմանին:




























