Չեմ բացառում դիրքային փոփոխություններ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացնելով տարածաշրջանի իրավիճակը՝ հայտարարեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: 

«Այո, ես չեմ բացառում դիրքային փոփոխություններ: Եվ հենց այդ պատճառով այս պահին լուրջ աշխատանքներ չեն տարվում սահմաններին»,-ասաց Փարսյանը:

Նա նաեւ պատմեց, որ սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում, ավելի ճիշտ՝ դիրքերի որոշման գործընթաց է ընթանում ռուսական եւ ադրբեջանական կողմերի մասնակցությամբ:

«Օրինակ, երեկ Ադրբեջանի կողմից մեր սահմաններին մոտեցավ խումբ՝ մեր ՊՆ-ի աշխատակիցների հետ բանակցությունների համար: Մեր կողմից ուղարկվել է գեներալ, ով այժմ համակարգում է մեր սահմանների պաշտպանությունը»,-ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն առաջարկել են երկու կողմերից դիրքերը 100-200 մետր հետ քաշել, որպեսզի զինվորների միջեւ շփում չլինի եւ նոր կոնֆլիկտներ չառաջանան: Սակայն, ինչպես նշեց Փարսյանը, ՀՀ ՊՆ-ն առաջարկել է համակարգային մոտեցում. դա իրականացնել սահմանի ամբողջ երկայնքով, քանի որ կան հատվածներ, որտեղ ադրբեջանցիները փաստացի մոտեցել են Հայաստանի սահմանին: Տվյալ պահին այդ հարցը, քաղաքապետի խոսքով, քննարկումների փուլում է: