Ազգային ժողովում Հայաստանի Սյունիքի մարզում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ դեկտեմբերի 25-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հեռախոսով կապ հաստատեց Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ` պարզելու, թե այս պահին ինչ իրավիճակ է գյուղում:

Գյուղապետի խոսքով` իրենց մոտ իրականացված վերջին օպերացիան ճանապարհի մի հատվածի չափումն էր:

«GPS-ի միջոցով նրանք ամեն ինչ չափեցին եւ հեռացան: Այս բոլոր աշխատանքներն իրականացվել են ադրբեջանցիների, ռուսների եւ մեր ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ»,- ասաց Արշակյանը:

Այնուհետեւ Աբովյանը գյուղապետին հարցրեց` կա՞ր արդյոք ինչ-որ մեկը հայկական կողմից` ԱԱԾ-ի աշխատակցից բացի, ասենք` Կառավարությունից: Արշակյանը բացասական պատասխան տվեց: «Ես հարցրեցի Ազգային անվտանգության ծառայության մեր աշխատակցին` արդյոք իմ ներկայությունը պարտադիր է, եւ նա պատասխանեց, որ` ոչ»,- ասաց գյուղապետը:

Հեռախոսազրույցի ավարտին Շուռնուխի ղեկավարը պատգամավորներին խնդրեց զգոնություն ցուցաբերել: «Մի բան արեք ռուսների հետ միասին, որպեսզի մեր հողը մերը մնա»,- վհատված խնդրես արդեն սահմանամերձ հայկական գյուղի գյուղապետը: