Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը վարակվել է COVID-19-ով, հայտարարել է, որ չի պատրաստվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես վերաբերում եմ սկեպտիկների շարքին: Ես արդեն առողջապահության նախարարին ասել եմ, որ չեմ պատվաստվելու»,-հայտարարել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ գարնանը հանրապետությունում նախատեսվում է պատվաստել շուրջ 1.2 միլիոն մարդու: «Հնարավոր է նաեւ 2 միլիոն՝ կախված մարդկանց մոտեցումից»,-նշել է նա:
Բելառուսի նախագահը նշել է, որ երկրում պատվաստումների հիմնական սկզբունքը կլինի կամավորությունը, ընդ որում՝ հանրապետությունում կօգտագործվի 5-6 տարբեր արտադրողի պատվաստանյութ, իսկ ամենաառաջինը կպատվաստեն ռուսական դեղամիջոցով, որը Բելառուսը պատրաստվում է ձեռքբերել, ինչպես նաեւ արդատրել տեղական ձեռնարկություններում:
Հունիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ բժիշկների եզրակացության համաձայն՝ նա առանց ախտանիշների վարակվել է կորոնավիրուսով: Դեկտեմբերի 15-ին նա հույս է հայտնել, որ այդ վիրուսը երկրորդ անգամ «չի կպնի»:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայում երկրում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 181 հազար դեպք, վարակի հետեւանքով մահացել է 1 358 մարդ: Բելառուսի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հունվարին:





























