ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն հունիսի 6 –ին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հաղորդում է Trend գործակալությունը:

Նրա խոսքով` Ադրբեջան այցից հետո համանախագահները կուղեւորվեն Երեւան:  «Համանախագահները ծրագրում են այցելել նաեւ Ստեփանակերտ», -ասել է Կասպրշիկը:

Հիշեցնենք, որ հունիսի երրորդ տասնօրյակում բարձր մակարդակով հանդիպում է նախատեսվում: Նախնական տեղեկություններով` հունիսի  25 -ին Կազանում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները մայիսի 26-ին Դովիլում ընդունած համատեղ հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ավարտել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ աշխատանքները։