Իսրայելական բանակի զինվորները սպանել են չորս, վիրավորել եւս տասը արաբի, ովքեր փորձել են անցել փշալարը Գոլանի բարձունքում:

Սիրիական կողմի տվյալներով` սպանվածների թվում նաեւ երեխա կա:  Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում պատկերված է, թե ինչպես են երիտասարդները (ենթադրաբար` պաղեստինցի փախստականներ) փորձում անցել պարիսպը, իսկ իսրայելցի զինվորները նրանց վրա կրակում են տանկից:

Իսրայելական ZMAN կայքի փոխանցմամբ` սիրիական սահմանային բլոկպոստն անցել եւ սահմանին են մոտեցել մոտ 200 պաղեստինցի փախստականներ:

The Jerusalem Post-ը հաղորդում է, որ հունիսի 5-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել էր, որ Իսրայելը թույլ չի տա Վեցնօրյա պատերազմի տարելիցին «արմատական տարրերին» ներխուժել իր տարածք: Նա ավելացրել է, որ անվտանգության ուժերը կգործեն «խիստ, բայց զուսպ»:

1967թ. հունիսի 5-ին Վեցնօրյա պատերազմի ժամանակ արաբները պարտություն կրեցին Իսրայելից: Մասնավորապես` այդ պահից ի վեր Իսրայելի վերահսկողության տակ են գնտվում Երուսաղեմի արեւելյան հատվածն ու Գոլանի բարձունքը: