Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկում է Արեւմտյան Երուսաղեմը դարձնել իսրայելական, իսկ Արեւելյանը` պաղեստինական, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք Արեւմտյան Երուսաղեմը դիտարկում ենք իսրայելական, Արեւելյանը` պաղեստինական տարածք, իսկ սրբավայրերը, հավանաբար, պետք է միայն միջազգային կառավարման ներքո գտնվեն` լինի դա ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ- ն», – ասել է նա «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում` ավելացնելով, որ «Երուսաղեմն ամեն ինչի արմատն է»:
«Երբ ինչ-որ մեկը` լինի դա Իսրայելը, պաղեստինցիները կամ ինչ- որ գերագույն կառավարություն, ասում են, թե «Երուսաղեմը պետք է իմը լինի», դա երբեք չի աշխատի»,-գտնում է Լավրովը:
Նա ավելացրել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է տեղի ունենա տարածքների «պարտադիր փոխանակում»` նկատելով, սակայն, որ դրանք պետք է համարժեք փոխանակումներ լինեն:
Ի դեպ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պաշտպանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իսրայելի եւ Պաղեստինի կողմից 1967 թ. սահմաններին վերադառնալու առաջարկը:




























