ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները, որոնք ականազերծում են Լեռնային Ղարաբաղի տարածքը, հայտնաբերել են ավելի քան 10 հազար զինամթերք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի ԱԻՆ «Լիդեր» գումարտակի մասնագետները շարունակում են վնասազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Ներկայում նրանք ուսումնասիրել են շուրջ 53 հեկտար տարածք եւ հայտնաբերել ավելի քան 10 հազար պայթյունավտանք առարկա»,-ասել են մամուլի ծառայությունում:

Հիմնական աշխատանքն իրականացվում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում եւ դրա մերձակայքում: Հայտնաբերվել է ավելի քան 4.7 հազար արկ 30-152 մմ տրամագծով, 416 տարբեր ականներ, 378 հրետանու պայթուցիկներ, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռների 260 տարրեր, ինչպես նաեւ 3,2 հազար փամփուշտ, 540 նռնակ եւ 5 հակատանկային կառավարման «Մալյուտկա» ու «Ֆագոտ» հրթիռ: Դրանք բոլորը վնասազերծումից հետո փոխանցվել են Հումանիտար ականազերծման կենտրոն ոչնչացման համար: