Առնվազն 140 հանրապետականներ հունվարի 6-ին Կոնգրեսում ընտրիչների քվեարկության հաստատման հարցով նիստում մտադիր են խանգարել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների ճանաչումը եւ Ջո Բայդենի հաղթանակը, CNN-ին հայտնել են երկու կոնգրեսական-հանրապետականներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ամերիկացի հանրապետական սենատոր Ջոշ Հոլին հայտարարել էր, որ հունվարի 6-ին կայանալիք Կոնգրեսի նիստում մտադիր է առարկել ընտրիչների քվեարկության արդյունքներին: Ավելի վաղ նման ցանկություն էին հայտնել ստորին պալատի մի խումբ հանրապետականներ: Առնվազն մեկ սենատորի եւ միեւնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի մեկ անդամի առարկությունը փոխում են նիստի ընթացքը: Եթե Հոլին պահի իր խոստումը, երկու պալատները չեն կարողանա ավտոմատ կերպով հաստատել արդյունքները, այլ ստիպված կլինեն մինչեւ երկու ժամ տեւողությամբ քննարկումներ անցկացնել, որպեսզի որոշեն` սատարեն արդյոք առարկությունները:

Երկու կոնգրեսական հեռուստաալիքին հայտնել են, որ ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում կուսակցության մոտ 140 անդամներ կարող են դեմ լինել ընտրիչների հունվարի 6-ին կայանալիք քվեարկության արդյունքներին:

Հեռուստաալիքի գնահատականներով՝ նրանց ձայները չեն փոխի ընտրությունների արդյունքները, բայց նրանք կարող են մի քանի ժամով հետաձգել Բայդենի «անխուսափելի հաստատումը» նախագահի պաշտոնում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը՝ ստանալով նահանգների ընտրիչների 306 ձայները՝ Թրամփի 232-ի դիմաց: Թրամփը չի ընդունում Բայդենի հաղթանակը: Կոնգրեսը հունվարի 6-ին պետք է հաստատի ընտրությունների արդյունքները: Հաջորդ փուլը կլինի հունվարի 20-ին Բայդենի երդմնակալությունը: