Կահիրեում դիվանագիտական աղբյուրները որոշ տեղեկություն են բացահայտել Իրանի հետ Արաբական Միացյալ Էմիրությունների գաղտնի կապերի մասին՝ կապված միջուկաբան ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետ, հայտնում է Mehr-ը: 

Հիշատակված աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ԱՄԷ-ից պնդել են, որ իրենք չեն մասնակցել իրանցի գիտնականի սպանությանը, հերքելով նաեւ իրենց մասնակցությունը Իրանում վերջին իրադարձություններին, փոխանցում է Al-Araby Al-Jadeed-ը:

Նշվում է, որ այդ գաղտնի շփումների ժամանակ կողմերը նաեւ քննարկել են Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության հարցերը:

Աղբյուրները նաեւ հայտնել են, որ Դուբայում տիրակալները չափազանց մտահոգված են Իրանի պատասխան հարձակումներով, որովհետեւ երկրի տնտեսությունն ամբողջությամբ կախված է նրա անվտանգությունից, եւ ԱՄԷ-ի ներսում ցանկացած պատասխան գործողություն կոչնչացնի նրա տնտեսությունը, որը հիմնված է առեւտրի եւ տուրիզմի վրա: