Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը վաղը` հունիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի առաջին օրը ՀՀ վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաեւ «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին:

Հունիսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին, կհանդիպի Ավստրիայի, Ուկրաինայի եւ Հունգարիայի վարչապետերին: ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաեւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ եւ ներկա կգտնվի ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Վարչապետը որպես բանախոս հանդես կգա համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: