ԵՄ 13 երկրների արտաքին գործերի նախարարները նամակ են հղել Եվրահանձնաժողովին, որում կոչ են անում մինչեւ գարուն պատվաստանյութ տրամադրել Արեւելյան գործընկերության պետություններին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Եվրահանձնաժողովին կոչ ենք անում աջակցության մեխանիզմ մշակել: Արեւելյան գործընկերության կայանալիք գագաթաժողովի (2021 թվականի առաջին կիսամյակում) նախաշեմին մենք պետք է ուժեղ եւ համակարգված ազդանշան ուղարկենք այդ ծրագրի ռազմավարական կարեւորության մասին: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ հեշտացված հասանելիությունը այդ ազդանշանի կարեւոր բաղադրիչը կդառնա: Մենք վստահ ենք, որ այդ գործողությունները բարձր կգնահատվեն այդ պետությունների կառավարությունների եւ քաղաքացիական հանրությունների կողմից»,-ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՄ բոլոր արեւելաեվրոպական երկրների, ինչպես նաեւ Շվեդիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարները:

Ավելի ուշ ԵՀ-ն հաստատել է, որ ստացել է ԵՄ 13 երկրների ԱԳՆ ղեկավարների նամակը եւ հայտնել, որ կպատասխանի դրան, երբ ժամանակը գա: Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Անա Պիզոնիերոն:

 Նա նաեւ հիշեցրել է, որ ԵՄ պատվաստման ռազմավարությունը ներառում է «պատվաստանյութերի հեշտացված փոխանցման կամ վաճառքի հնարավորություն, որը ԵՄ երկրները կստանան ըստ Եվրահանձնաժողովի կողմից ստորագրված պայմանագրերի»: Բնականաբար, դա տեղի կունենա այն բանից հետ, երբ ԵՄ երկրները անհրաժեշտ ծավալի պատվաստանյութ ստանան: