Վրաստանի ՆԳՆ-ն ահաբեկչության փորձ է կանխել Թբիլիսիում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի շինության մոտ, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ձերբակալվել է մեկ մարդ, Բադրի Գոգիաշվիլիի ձերբակալման գործողությունն իրականացվել է Մցխեթիի շրջանում, առգրավվել եւ վնասազերծվել է պայթուցիկ սարքը: Ձերբակալվածը ցուցմունք է տվել եւ որպես պատվիրատու նշել ռուսական կառույցների եւ հարավօսական վարչակազմի ներկայացուցիչներին:

Գոգիաշվիլին, մասնավորապես, ասել է, թե պայթյունը պատվիրել էին Ախալգորիի շրջանում տեղակայված ռուսական սահմանապահ ուժերի պետի տեղակալ Ալեքսեյ Սոկոլովը, նույն շրջանի ոստիկանապետ Վլադիմիր Պուխաեւը եւ ոստիկանության աշխատակից Վովա Կիբիլովը:

Գոգիաշվիլին ասել է, թե իրեն հանձնարարել էին Թբիլիսիում գտնել մի շենք, որի վրա միջազգային կազմակերպության, Եվրամիության կամ ԱՄՆ-ի դրոշ կլիներ: Նրան որպես վարձատրություն խոստացել են 2 հազար դոլար: