Կորոնավիրուսի դեմ ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է Mehr-ը:
Նա ողջունել է հիվանդությունը բուժելու նպատակով պատվաստանյութեր արտադրելու համար Իրանի գիտական հասարակության ջանքերը: «[Երկրում] ստեղծված պատվաստանյութը հպարտություն է, մի՛ հերքեք դա: Դա պատվի աղբյուր է »: Նրա խոսքով՝ իհարկե, իշխանությունները փորձում են պատվաստանյութը ձեռք բերել տարբեր խողովակներով: Սակայն պատվաստանյութը չպետք է ստացվի ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: «Ամերիկյան եւ բրիտանական պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է Խամենեին: Նա նշել է, որ չի վստահում այդ երկու երկրներին, որոնք «ցանկանում են պատվաստանյութը փորձարկել այլ երկրներում»: «Եթե ամերիկացիները կարողանային պատվաստանյութ արտադրել, նրանք չէին լինի այն վիճակում, որում գտնվում են: Նրանք ամեն օր 4000 մահ չէին գրանցի: Նույնն է Մեծ Բրիտանիայի դեպքում»,- հավելել է նա:
Այաթոլլան նաեւ ասել է, որ չի վստահում Ֆրանսիային՝ հավելելով, որ պատվաստանյութերի ներկրումը հնարավոր է այն երկրներից, որոնց Իրանը վստահում է:





























