Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը համաներմամբ ազատ է արձակել 22-ամյա Գեւորգ Սերգեյի Մելիքյանին, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):  Այդ մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, ժամը 16:20-ի սահմաններում Գեւորգ Չաուշի փողոցում, դեպի Կարմիր Խաչի հիվանդանոց գնացող ճանապարհին իրար էին բախվել Mercedes C մակնիշի 10 ԼԼ 310 համարանիշի եւ Mercedes G դասի ավտոմեքենաները:

Բախման հետեւանքով G դասի մեքենան գլխիվայր շրջվել էր, իսկ Mercedes C դասի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ վարորդը` 41-ամյա Ալվարդ Թամիրյանը հիվանդանոցում մահացել էր:

Մինչ ոստիկանների ժամանելը Mercedes G դասի մեքենայի վրայից համարանիշները հանել էին, իսկ մի քանի երիտասարդներ խոչընդոտում էին ֆքոտոլրագրողի աշխատանքին: Ավելի ուշ պարզվել էր, որ մեքենայի ղեկին եղել է  Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գեւորգ Մելիքյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գող», «Օշականցի Գեւորիկ» մականունով Գեւորգ Մելիքյանի եղբոր որդին է:

Վերջինս ժամեր անց ինքնակամ ներկայացել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Կարեն Ստեփանյանին:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի