Այսօր` ժամը 20-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եզնիկ Կողբացի 3ա շենքից շտապօգնության ավտոմեքենան Ծերեթելիի մանկական հիվանդանոց է տեղափոխել 8-ամյա Էդգար Հարությունյանին:
Նշված շենքում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել մարմնի տարբեր մասերի կոտրվածքներով: Երեխան 10-րդ հարկում վերելակ է կանչել եւ դռները բացվել են, սակայն չի նկատել, որ վերելակը չկա, եւ ընկել է հորը ընդհուպ մինչեւ առաջին հարկ:
Էդգարին վերելակի հորից հանել են հայրն ու օգնության հասած հարեւանները:
Է. Հարությունյանը սովորում է 114 դպրոցի 2-րդ դասարանում: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























