Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել նույնիսկ Ադրբեջանի շահերի տեսանկյունից, քանի որ Ղարաբաղի տարածքների մոտ 3000 քառ. կմ չի ենթարկվում Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին, իսկ այնտեղ բնակվող մարդիկ չեն պատրաստվում ադրբեջանական քաղաքացիություն ստանալ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ հակամարտությունը մնացել է այնտեղ, որտեղ եղել է, իսկ ակնկալել, որ Բաքուն այժմ փոխզիջման կգնա, պետք չէ: «Հնարավո՞ր է հակամարտությունը հիմա լուծել: Ոչ, հնարավոր չէ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանն ունի ռազմավարություն, այն երբեմն պրիմիտիվ է, սակայն այն կա եւ դրա նպատակն է հայկական կողմին պարտադրել իր պայմանները: Այլ կերպ ասած՝ Բաքուն շարունակում է պատերազմը ոչ ռազմական մեթոդներով՝ ազդեցություն գործելով հայերի համար ցավոտ կետերի վրա՝ գերեվարում, դեմարկացիա, Ղարաբաղ այցերի սահմանափակում եւ այլն: Ինչի՞ համար է այդ դեպքում Լաչինի միջանցքը, եթե դրանով չի կարելի երթեւեկել: Եթե հակամարտությունը կարգավորվեր, ապա այդ ամենը չէր լինի»,-նշեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին, ապա նա, Իսկանդարյանի կարծիքով, բավարար ռեսուրսներ չունի իր նպատակներին հասնելու համար:




























