Չնայած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոչերին՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրաժարվել է կիրառել 25-րդ փոփոխությունը նախագահ Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Փենսն այդ մասին գրել է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդներին ուղղված ուղերձում:

Փենսը հայտարարել է իր որոշման մասին մի քանի ժամ առաջ մինչ այն, երբ պալատը բանաձեւ է ընդունել՝ կոչ անելով գործի դնել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը Թրամփին պաշտոնից հեռացնելու համար:

Բանաձեւին աջակցել է 223 օրենսդիր, դեմ է քվեարկել 205-ը:

Իրենց բանաձեւում օրենսդիրները Թրամփին մեղադրել են բռնություն եւ անկարգություններ հրահրելու մեջ:

Նրանց կարծիքով՝ նախագահը բազմիցս ցույց է տվել իր լիազորություններն իրականացնելու բացարձակ անկարողություն: