Իրանը մի քանի սուզանավ է ուղարկել Կարմիր ծով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով իրանական Fars գործակալությունը:

Գործակալության հաղորդմամբ, որը հղում է անում Թեհրանում իր աղբյուրին, սուզանավերն ուղեկցում են իրանական նավերին, որոնք Ադենի ծոցում ծովահենների դեմ պայքարի առաքելություն են իրականացնում: Սուզանավերը Կարմիր ծով են մտել մի քանի օր առաջ:

Իրանի կառավարության աղբյուրը չի հստակեցրել սուզանավերի թվի եւ նրանց հագեցվածության մասին տեղեկությունը:

2011-ի փետրվարին իրանական երկու նավեր` «Ալվանդ»-ն ու «Հարկ»-ը, բարեկամական այցով ժամանել են Սիրիա` անցնելով Սուեզի ջրանցքը: Այն ժամանակ Իսրայելը դա սադրանք էր անվանել: Սուեզի ջրանցքով անցնելու համար Իրանի ռազմածովային ուժերը 290 հազար դոլար էին վճարել:

«Ալվանդն» ու «Հարկը» առաջին իրանական նավերն էին, որոնք 1979թ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո անցել են Սուեզի ջրանքով: