Մենք ուղերձ ենք տալիս, որ Հայաստանում երեխաները դեռ չծնված, ծնողները չմտածեն արդեն Հայաստանի հանելու մասին, այլ մտածեն Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը երկրում պահելու մասին: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով իրենց հանձնաժողովում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի փոփոխություններին:

«Այս նախագծի կարևոր մեսիճը կանխարգելող մեսիջն է՝ խստացնելով իրավակարգավորումները: Այսինքն այն մարդիկ, որոնք մտածում են ՀՀ-ն լքելու միջոցով ծռայությունից խուսափելու մասին, հիմա ևս մեկ անգամ կմտածեն: Սա տալիս է հնարավորություն կանխելու հետագա նմանատիպ դրսևորումները, որոնք բազմիցս օգտագործվել է և մենք ունենք 10 հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներ: Հիմա խստացնելով այս հոդվածները, նրանք նաև միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն, ինչը ռիսկային է դարձնում Հայաստանից դուրս գալը»,-ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ պետք է ունենալ այնպիսի բանակ, որը կկանխի պատերազմի հնարավորությունը: