ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են ցույց տալ, թե ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արաշեւը, մեկնաբանելով ռուս համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությունը, ըստ որի ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող գործընթացը ակտիվացել է եւ կարելի է արագ արդյունքներ ակնկալել:
«Հնարավոր է, դա ընդհանուր դիվանագիտական բանաձեւ է, որի նպատակն է ցույց տալ, որ ջանքեր են գործադրվում եւ արդյունքներ են սպասվում: Սակայն դեռեւս գործընթացը գնում է միմյանց հակասող սկզբունքների հիման վրա»,- նշել է նա:
Արաշեւի խոսքով, առաջընթացի ակնկալիքը դովիլյան հայտարարության շարունակությունն է, որտեղ համանախագահող երկրների նախագահները նույնպես հայտարարել են, որ բանակցային գործընթացում սպասում են առաջընթացի:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան: Նրանք արդեն եղել են Բաքվում, իսկ այսօր մեկնել Լեռնային Ղարաբաղ, որից հետո կժամանեն Երեւան: Հունիսի 11-ին Մոսկվայում կկայան Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Իսկ արդեն հունիսի 25-ին նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Կազանում: Այն տեղի կունենա ՌԴ նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Դովիլում G8 գագաթաժողովի շրջանակներում հայտարարություն էին ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` կոչ անելով երկու երկրների նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ ավարտել աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա:



























